Քարոզարշավն անցել է շատ նորմալ, հանգիստ, բնականոն, ոչ մի թեկնածուի համար որեւէ խոչընդոտ չի ստեղծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ, անկուսակցական Աշոտ Գիզիրյանը:
Նրա կարծիքով` իրենց մարզում ամենաջերմ ընդունելության արժանացել է ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւս շատ ջերմ են ընդունել, մարզպետն այսպես հակադարձեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը դահլիճային հանդիպում է ունեցել Գյումրիում: Նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզում տարել է 10-12 տոկոս, դժվար չէր լինի մի 700 հոգի մարդ հրավիրել այնտեղ եւ ջերմ ցույց տալ: Եւ հետո, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 150-200 մարդ դրսից էր եկել մեքենաներով, ես հեռուստատեսությամբ նայել եմ, չեմ տեսել, որ մեկին ճանաչեմ»:
Աշոտ Գիզիրյանը նշեց, որ Շիրակի մարզում առաջին տեղը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, քանի որ այս հինգ տարիների ընթացքում, հատկապես` վերջին 2-3 տարին,մոտ 250 միլիոն դոլարի ներդրում է կատարվել մարզում,3000 բնակարաններ է կառուցել անօթեւանների համար եւ այլն: Նա նշեց, որ թեեւ խնդիրները շատ-շատ են, բայց իրենք չեն կարող անտեսել արված աշխատանքը: Մարզպետի կարծիքով` երկրորդ տեղի համար կպայքարեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը, բայց իրենց մարզում, իր կարծիքով, կհաղթի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Աշոտ Գիզիրյանը նշեց, որ թյուր է այն պատկերացումը, թե Գյումրիում միշտ ընդդիմադիր թեկնածուներն են հաղթում: Նախորդ ընտրություններին Սերժ Սարգսյանը Գյումրիում 44 տոկոս ձայն է ստացել, իսկ թե այս տարի քանի տոկոս կհավաքի, մարզպետը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Գաղտնիք է, չեմ ասի»: Աշոտ Գիզիրյանը վստահ է, որ գործող նախագահը զգալի ձայն կհավաքի:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հերքեց մեզ հասած տեղեկությունները, թե ինքը հակասություն ունի Գյումրիի քաղքաապետ Սամվել Բալասանյանի հետ: «Ոչ մի հակասություն չկա, հավատացեք, շատ նորմալ, աշխատանքային պրոցես է, մեր հարաբերությունները որպես մարզպետ եւ քաղաքապետ, շատ ջերմ են»,- նշեց նա:
Մեկնաբանելով Կառավարության կազմում իր լինել-չլինելու մասին տարածված տեղեկությունները, նա նշեց, որ այդ հարցով ոչինչ չի կարող ասել, պետք է հարցնել նրանց, ովքեր Կառավարության կազմի հետ կապ ունեն: Անկուսակցական մարզպետը շեշտեց, որ ինքը երբեւէ չի եղել կուսակցական եւ չի էլ լինելու, իսկ իր` «ծպտյալ ԲՀԿ-ական» լինելու մասին տարածված տեղեկություններն էլ այսպես մեկնաբանեց. «Գիզիրյանը, եթե լինում է, ուղիղ է լինում, ծպտյալ չի լինում, եթե աշխատում է, վերեւից է աշխատում, տակից չի աշխատում»:



























