Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային, փետրվարի 16-ին, հարկադրաբար բերման կենթարկեն դատարան` որպես վկա հարցաքննության: Դատարանն այս որոշումը կայացրել է այսօր` փետրվարի 15-ի երեկոյան:

Թբիլիսիի դատարանը բավարարել է Հին Թբիլիսիի շրջանային դատախազության միջնորդությունը` Գիգի Ուգուլավային բերման ենթարկել դատարան` հարցաքննության` փետրվարի 8-ին Ազգային գրադարանում տեղի ունեցած միջադեպի գործով:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր էր այցելել Ազգային գրադարան, որի դիմաց Սահակաշվիլիի հակառակորդները բողոքի ակցիա էին կազմակերպել: Այդտեղ նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախում է տեղի ունեցել, որին մասնակից է եղել նաեւ Ուգուլավան, ով նաեւ վնասվածքներ է ստացել: Թբիլիսիի քաղաքապետին այս գործով մի քանի անգամ հրավիրել են ոստիկանություն, բայց նա անտեսել է այդ հրավերները, հայտարարելով, որ քննիչներին սպասում է քաղաքապետարանում: