ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Շմայս» մականունով, չի կարողացել պահպանել այն զենքը, որից ստացել է իր մականունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Առաքել Մովսիսյանը: Նա չի նեղվում իր մականունից եւ հպարտությամբ է նշում, որ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ զենք շատ դժվարությամբ էին հայթայթում, ինքը կարողացել է 21 տարեկանում «Շմայսեր» տեսակի ավտոմատ հայթայթել, ջոկատներ հավաքել եւ մեկնել ռազմադաշտ:

Այդ ժամանակ էլ նրան «Շմայս» են կոչել եւ բոլորը նրան սկսել են այդպես ճանաչել: «Զենքը ձեռք էինք բերում տարբեր ճանապարհներով` Ռուսաստանից, տարբեր տեղերից: Ով որտեղից կարողանում էր, հնարավորություն ուներ, զենք էր բերում»,- ավելացրեց Առաքել Մովսիսյանը: Սակայն պատերազմի ընթացքում չի հաջողվել պահպանել դժվարությամբ ձեռք բերված զենքը: «Պատերազմի ժամանակ պարետային ժամ էր, ռուսական բանակը մտավ եւ մեր տղաների շտաբը հավաքեցին: Տղաներին ձերբակալեցին, կալանավորեցին, զենքերն էլ տարան: «Շմայսեր» անունը կրող ավտոմատը էլ այդ ժամանակ տարան»,- հիշեց Առաքել Մովսիսյանը: