Բլոգերները մանրակրկիտ ուսումնասիրել են ՌԼԴԿ-ից Պետդումայի պատգամավոր Իգոր Լեբեդեւի` Ժիրինովսկիի որդու ատենախոսությունը, եւ բացահայտել են, որ այն արտագրված է: «Պաշտպանության բոլոր հատվածները պատճենվել են եւ ոչ մի ինքնուրույն եզրակացություն չկա»,- հավաստիացրել են ակտիվիստները: Այս մասին Facebook –ի իր էջում գրել է լրագրող Սերգեյ Պարխոմենկոն:
Արտագրությունը հայտնաբերել է «Ատենափորներ» անվանումով հասարակական գործիչների մի խումբ, որը զբաղվում է այն պաշտոնյաների ատենախոսություններով, ովքեր կարող են գնած լինել դրանք: Հաղորդվել է, որ 2006 թվականին Լեբեդեւը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Գաղափարախոսական հիմքերի էվոլյուցիան եւ քաղաքական կուսակցությունների ռազմավարությունները ՌԴ-ում 1992-2003 թթ.»:
«Այս ատենախոսությունը ցնցող է` ծիծաղելու աստիճան հիշեցնում է մեկ ուրիշի`Միխայիլ Օլեգովիչ Կորնեւի «Կուսակցությունների կառուցման գերիշխող գործոնները ժամանակակից Ռուսաստանում» թեկնածուական ատենախոսությունը, որը պաշտպանվել է դրանից մեկ տարի առաջ»,- գրել է Պարխոմենկոն, ում մեջբերում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Պարխոմենկոն խորհուրդ է տվել Լեբեդեւին չսպասել հետաքննության հետագա ընթացքին եւ ինքնակամ դիմել Բարձրագույն Ատեստավորման Կոմիտե եւ հանձնել իր դիպլոմը, որը հնարավորություն կտա նրան` հույսը դնել «Ատենափորների» մեծահոգության վրա:




























