Չելյաբինսկում թիվ 37 վարժարանի տարրական դասարանների ուսուցչուհի Յուլյա Կարբիշեւան փետրվարի 15-ին քաղաքի մոտ ընկած երկնաքարի պայթյունից 44 աշակերտի է փրկել: Ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել ստացված վնասվածքների պատճառով: Այդ օրը Կարբիշեւան դասավանդման էր երկու չորրորդ դասարաններում:

Հզոր լուսային ճայթյունի պահին երեխաները միանգամից նետվել են դեպի պատուհանները, բայց նա հրահանգել է բոլորին թաքնվել սեղանների տակ, իսկ ինքը փորձել է բացել միջսենյակային ապակյա դռները:

Ճայթյունից մի քանի րոպե անց հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հարվածի ալիքներից կոտրված ապակիների կտորները դիպել են կնոջը: Վիրավոր ուսուցչուհին հրահանգել է երեխաներին հագնվել եւ նրանց դուրս է բերել փողոց: «Աշակերտներից ոչ ոք քերծվածք անգամ չի ստացել: Ուսուցչուհին հոսպիտալացվել է ձախ ձեռքի եւ ձախ ազդրի ջղային կտրվածքներով»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Չելյաբինսկի տարածաշրջանում երկնաքար է հայտնվել, որը պայթել է մթնոլորտում: Պայթյունի ալիքի հետեւանքով կոտրվել են տների պատուհանները, ավելի քան հազար մարդ վիրավորվել է: