Այսօր` փետրվարի 18-ին, իրենց քաղաքացիական պարտքը չեն կատարի նախագահի 7 թեկնածուներից 2-ը` ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Դեռեւս փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ մտադիր չէ նախագահական ընտրությունների օրը քվեարկության գնալ, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ ընտրատեղամաս հասնելու:  Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ինքն ու իր կողմնակիցները կհայտարարեն քաղաքացիական անհնազանդության մասին։

Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւս հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել քվեարկությանը։ Նա իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպասվող ընտրությունների լեգիտիմության հանդեպ վերաբերմունքը չի փոխվել։

Ի դեպ, իր քաղաքացիական պարտքը չի կատարի նաեւ իր թկենածությունը առաջադրած, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Նա այդ օրը նշելու է իր տարեդարձը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում անց են կացվում նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրել, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: ԿԸՀ-ն հաստատել է 7 թեկնածուի` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, իսկ թեկնածուներից մեկը` «Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանը ինքնաբացարկ է հայտնել: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր հունվարի 21-ին եւ ավարտվել փետրվարի 16-ին: