«Օրինաց երկիր» կուսակցությունը չունի որեւէ պարտք, առավել եւս խրված չէ պարտքերի մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կուսակցության լրատվական ծառայությունից` անդրադառնալով տարածված տեղեկություններին:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:Կուսակցությունը գործունեություն ծավալելու ընթացքում երբեմն վարձակալում է գրասենյակներ, որոնց օգտագործումից առաջացող ֆինանսական պարտավորությունները կատարում է վարձակալության պայմանագրով նախանշված ժամկետներում եւ ձեւերով»,- հայտնեցին ՕԵԿ-ից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, թե  իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ: «Պարզվում է` այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը` կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք: Փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար ԱՄՆ դոլարի հասնող գումար: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերի` սա առաջին դեպքը չէ, երբ '«Օրինաց երկիրը» նույն պատճառով հայտնվում է դատարանում»,- գրել էր թերթը: