Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերն ամուր են եւ, փառք Աստծո,  համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` Երեւանի Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի վերջին օրը`  փետրվարի 16-ին ընտրողների հետ հանդիպմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ ծրագրեր նա շատ կցանկանար իրականացնել, բայց չի արել, նախագահն ասաց, որ ցանկանում էր Ղարաբաղի հարցով բանակցությունները նորմալ հուն վերադարձնել, եւ անմիջապես էլ ավելացեց` «կարծում եմ, դա մեզ հաջողվեց»:

«Ասում եմ մեզ, քանի որ դա միայն իմ աշխատանքը չէ. աշխատել է մի ողջ թիմ: Բանակցությունների շատ կարեւոր փուլում  մեկուկես տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջարկություններից: Մենք ասացինք, որ փաստաթուղթը մեր երազանքների արտահայտությունը չէ,  բայց այն մեզ հնարավորություն է տալիս արժանապատվորեն ավարտել պայքարի փուլը: Ադրբեջանի համար եթե շահավետ լինեին առաջարկությունները, նրանք կստորագրեին փաստաթուղթը»,-սաաց նա: Նախագահի խոսքով` հայկական կողմերի դիրքերն ամուր են եւ, փառք Աստծո, համահունչ ՄԽ դիրքորոշմանը: «Սա մեծ ձեռքբերում է: Զինվորների արիության եւ բարձր մարտական ոգու շնորհիվ մեր սահմաններն անխախտ են»,-ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ինչպիսին կլինեն Հայաստանի ձեռքբերումները 20 տարի անց, Ս. Սարգսյանը վստահություն հայտնեց, որ 2033 թ-ին ղարաբաղյան խնդիրը լուծված կլինի, Հայաստանը կդառնա եվրոպական երկիր` փոքր, բայց զարգացած, սոցիալական խնդիրները լուծված կլինեն: