Ընտրակաշառք բաժանելու մասին բոլոր հրապարակումները դատախազության հանձնարարությամբ ուղարկվում են ոստիկանության բաժիններ` սեղմ ժամկետում մատնանշված հանգամանքները ստուգելու եւ օրենքով սահմանված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրվա ընթացքում տեղադրվում է տեղեկատվություն ընտրակաշառք բաժանելու մասին, մասնավորապես` այս առումով ակտիվություն է ցուցաբերում «Գալա» հեռուստաընկերությունը` նշելով Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի մասին եւ հեռարձակելով հեռախոսազրույցներ:
«Բոլոր այդօրինակ հրապարակումները դատախազության հանձնարարությամբ ուղարկվում են ոստիկանության բաժիններ` սեղմ ժամկետում մատնանշված հանգամանքները ստուգելու եւ օրենքով սահմանված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Ցավալի է, որ հրապարակումները հիմնականում անանուն են, այդ թվում` հեռախոսազրույցները, ինչը բնականաբար բարդացնում եւ դանդաղեցնում է աշխատանքը»,- նշեց նա:
Դիմելով լրատվամիջոցներին` Սոնա Տռուզյանը նշեց, որ եթե ունեն փաստարկված նյութեր, ապա արձագանքեն իրավապահ մարմինների գրավոր հարցումներին եւ տրամադրեն իրավական հիմքերը:
Մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ նյութեր են նախապատրաստվում Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության կապակցությամբ, ըստ որի` Վանաձորի քաղաքապետարանի բնակֆոնդի պետը ընտրակաշառք է բաժանում:




























