Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է: Այդ մասին, այսօր` փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը
«Մեր տվյալներով, երկրորդ փուլն անխուսափելի է: Եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեին, հենց առաջին փուլում կհաղթեինք»,- նշեց Հայրիկյանը եւ անցավ մյուս թեկնածուների քննադատությանը. «Խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը ձգտում են ավելին ստանալ ընտրությունների միջոցով, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ կա ընդամենը մեկ հաղթող: Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր թեկնածուներն աչքիս լույսն էին: Նրանք ժամանակին եղել են մի թիմում, պայքարել ժողովրդի դեմ, Արցախի ինքնորոշման դեմ: Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԳ նախարարն էր, Հրանտ Բագրատյանը նախարար, ապա վարչապետ, երբ պառավաքարեր էին սարքում, Սերժ Սարգսյանն էլ պաշտպանության նախարարն է եղել Լեւոն տեր-Պետրոսյանի թիմում: Իրենք մեզ են ընդդիմադիր եղել»:
Ըստ Հայրիկյանի, իր, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի միավորումը կստանար 70 տոկոս քվե՝ առանց աշխատելու: «Ի պատասխան իմ առաջարկի` մենք հիստերիայի եւ անառողջ արձագանքի արժանացանք: ՀՀ նախագահ են ուզում դառնալ մարդիկ, որոնք միջին դասարանի աշակերտի տրամաբանություն ունեն: Ո՞րն է լավ, լինել 2-րդը, 3-րդը հաղթած թիմո՞ւմ, թե՞ առաջինը` պարտված թիմում»:
Թեկնածուի խոսքով, թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում հաղթելու հնարավորություն չունի, «եթե երկրորդ փուլ չեղավ, ուրեմն ընտրական գործընթացներում շեղում է եղել»:
Պարույր Հայրիկյանը նաեւ կրկնեց, որ ընդամենը ձգտում է նախագահ լինել 6 ամսով, ամենաշատը 2 տարով, որ ՀՀ քաղաքացիներն իրենց երկրի տերը զգան:




























