Թուրքական «Անադոլու» գործակալությանը հաջողվել է անգլիական արխիվներից հանել 54 տարի առաջ Լոնդոնի մերձակայքում ավիավթարի ենթարկված Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի լուսանկարները եւ վթարի հետ կապված անգլիական մամուլի հրապարակումները։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, հետաքրքիր մանրամասն է ներկայացրել անգլիական Daily Mail-ը, որի հրապարակման մեջ նշվել է, թե ավիավթարից փրկված Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը դեպքի վայր ժամանածներին ասել է. «Ես Թուրքիայի վարչապետն եմ։ Ներսում ուրիշներն էլ կան։ Խնդրում եմ օգնեք»։
Այն ժամանակվա վարչապետ Ադնան Մենդերեսի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսի հարցով բանակցություններին մասնակցելու համար 1959 թվականի փետրվարի 17-ին, Անկարայի Էսենբողայի օդանավակայանից ուղեւորվել է Լոնդոն։ Լոնդոնի օդանավակայան չհասած մառախուղի պատճառով օդանավը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մահացել է 14 հոգի։
Նշենք, որ հիշյալ ավիավթարից փրկված Ադնան Մենդերեսը 1960 թվականի ռազմական հեղաշրջումից հետո մահապատժի է ենթարկվել։ Նրան կախաղան են հանել 1961-ի սեպտեմբերի 17-ին։































