Հայաստանի նախագահական ընտրությունների օրը` փետրվարի 18-ի առավոտյան, ընտրական հանձնաժողովների 126 անդամներ ընտրատեղամաս չեն ներկայացել: Այդ մասին մի քանի րոպե առաջ հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանված կարգով միայն ութ նոր նշանակումներ են կատարել, քանի որ, եթե ընտրական հանձնաժողովների նվազագույնը յոթ անդամներ ներկա են, ապա հանձնաժողովի համալրում չի կատարվում:  «Բոլոր ընտրական հանձնաժողովները լիարժեք աշխատում են»,- ասել է Մուկուչյանը:

Նա նաեւ նշել է, որ նախորդ համապետական ընտրություններում բացակայել են ընտրական հանձնաժողովների 237 անդամներ: Մուկուչյանը նաեւ նշել է, որ  բոլոր ընտրատեղամասերում  փորձարկվել են անձնագրերում դրոշմակնիքների թանաքները, որոնց հետ կապված խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդիրներ էին առաջացել: «Տվյալ պահի դրությամբ թանաքի հետ կապված ոչ մի ահազանգ չի ստացվել»: 

Մուկուչյանը հայտնել է, որ 1988 ընտրատեղամասերից յոթը ձեւավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որտեղ քվեարկությունն ավելի ուշ կսկսվի` աշխատանքային ռեժիմի եւ քվեարկողների քանակի պատճառով. քրեակատարողական հիմնարկներից մեկում  քվեարկությունը կսկվի 10:00, մյուս վեցում` 17:00-ին:

Նշենք, որ Հայաստանում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը 08.00-ին: