Լրացուցիչ ընտրացուցակներ վստահություն չեն ներշնչում: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Համաձայն կուսակցությանն ահազանգած ընտրողների` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում զանգվածային կարգով գրանցվել են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներ: Համանման կասկածներ են ծագել նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ընդ որում, զանգվածային նման ցուցակներ չպետք է լինեին: «Հայտնի է, որ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվում են նրանք, ովքեր այս կամ այն պատճառներով` աշխատանք, ուսում եւ այլն, այս պահին փաստացի բնակվում են ոչ հաշվառման վայրում:
Սակայն եթե հատուկ քվեարկության օրը զանգվածային կարգով ընտրատեղամաս են գալիս մի խումբ մարդիկ միեւնույն գյուղից, ապա տրամաբանական է հարցնելը. իսկ նրանք բոլորը Երեւանում որտեղ են ապրում», – հայտնել է Խուրշուդյանը: Նա հավելել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք ուշադիր կհետեւեն նման խախտումներին եւ հնարավորինս կկանխեն դրանք:
Որպեսզի «Ժառանգության» տեղեկությունը համադրելի լինի պաշտոնականի հետ, կուսակցությունը կփորձի հասնել ԿԸՀ-ի կողմից այդ ցուցակների բաց հրապարակման:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 18-ին անցկացվող Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են յոթ թեկնածուներ, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանը:




























