Ժամը 16-ի դրությամբ Iditord.org կայքում գրանցվել է ընտրախախտումների 207 արձանագրություն: Դրանցից 61-ը վերաբերում են ընտրակաշառքների եւ ճնշումների դեպքերին, 13-ը` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումներին, 16-ը` ընտրացուցակներում առկա թերություններին, 57-ը` նախընտրական քարոզչությանը, 14-ը` քվեարկության օրվա հասարակական կարգի խախտումներին, 46-ը` քվեարկության ընթացակարգի խախտումներին:
Մասնավորապես, Ապարանի 14/23 ընտրատեղամասում կուտակումներ են: Տեղամասի նախագահը վստահեցրել է, որ քվեարկությունը իրենց հսկողության տակ է: Հասցրել են նկատել, որ ընտրողներից մեկը ցանկացել է առանց ծրարի ընտրաթերթիկը գցել արկղի մեջ: Այդ թերթիկը մարել են, ընտրողին էլ հանձնել են նոր քվեաթերթիկ:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 22/15 տեղամասում շրջայցի ընթացքում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում: Ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցել է թույլատրելի 15-ը, ինչի պատճառով ընտրատեղամասում խառնաշփոթ է առաջացել: Իրավիճակը շտկվել է 10:55–ի դրությամբ։ Ոստիկանները վերացրել են կուտակումը:
Թեժ գծին ստացվել է ահազանգ «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/7 տեղամասում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր: Նույն դիտորդից տվյալ է ստացվել, որ Արտաշատի 17/2, 17/3 տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին:
Գյումրիի 34/30 տեղամասում ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել եւ ամրացնել:




























