Արարատի մարզի 17/2 ընտրատեղամասում արձանագրվել է կնքված քվեաթերթիկների տրցակ առանձին սենյակում: Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդ Նարեկ Բաբայանը Մեդիա Կենտրոնին հայտնել է, որ ընտրատեղամասի սենյակներից մեկի դուռը պատահաբար բաց էր եւ ինքը նկատել է քվեաթերթիկների խուրցը:
«Փորձեցի տեսանկարել, սակայն միանգամից սկսեցին խանգարել, ինձ հեռացնել այդ տարածքից, դուռը շտապ փակեցին, իսկ հետո նկատեցի, որ պատուհանից դուրս հանեցին ողջ կապոցը եւ տարան»,- Մեդիա Կենտրոնին ասել է Նարեկ Բաբայանը:
Արարատի Մարզի 17/5 ընտրատեղամասից, ժամը 14:30-ի սահմաններում, ահազանգ է գրանցվել լցոնման վերաբերյալ, ընտրատեղամասում աշխատող Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդ Նարինե Էսմայելը Մեդիա Կենտրոնին հայտնել է, որ խախումը չեն արձանագրել հանձնաժողովի անդամները:
«Ընտրատեսամաս մտան մի 50 գազաններ, դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրեցին մոտ մի 300-400 քվեաթերթիկ, այսինքն քվեատուփը կիսով չափ լցվեց»,- Մեդիա Կենտրոնին ասում է Նարինե Էսմայելը:
Ըստ դիտորդի, այս ընտրախախտումը, որը քրեական պատասխանատվության է ենթարկվում, չի արձանագրվել հանձնաժողովի անդամների կողմից:
«Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին, ինչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր»,- ասում է Էսմայելը:




























