Ժովորդավարական երկրներում ընտրությունները որպես կանոն երկու փուլով են ավարտվում, ասել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` քվեարկությունը կատարելուց հետո, փոխանցում է NEWS.am-ի թղթակիը:
«Ուզում էի, որ մենք համակարգային փոփոխություններ կատարելով Հայաստանը իսկապես դարձնեինք աշխարհի ամենաբացառիկ երկիրը, նաեւ աշխարհի համաշխարհային քաղաքակրթությանը տայինք ժողովրդավարության նոր մակարդակը: Բայդ դա հիմա կախված է մեր քաղաքացիներից, ստամոքսով կմտածեն, սրտով, թե ուղեղով: Դա էլ իրենց իրավունքն է, միայն թե վախի ազդեցության տակ չլինեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Երկրորդ փուլի անխուսափելիության մասին նախագահի թեկնածուն ասաց.
«Ժովորդավարական երկրներում ընտրությունները որպես կանոն երկու փուլով են ավարտվում: Թեկնածուների բազմերանգության առկայության պայմաններում, երբ մեծ միավորում չկա, ապա երկրորդ փուլն ուղղակի բնական է: Սա ես խոսում եմ բնականոն ներդաշնակության մասին: Ծիածանի յոթ գույները մոտավորապես իրար հավասար են: Եթե ծիածանի յոթ գույներից մեկն ընդարձակվում է, ապա մյուս գույների հաշվին: Ուրեմն բնականոն ներդաշնակությունը խախտված է: Հիմա կարող են բացառություններ լինել, բայց դա լինում է` հայրենիքին վտանգ սպառնալու, ճգնաժամի պայմաններում կամ ազգային ազատագրական պայքարի նախնական փուլում»:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրության ժամանել էր հիվանդանոցից։ ՀՀ նախագահի թեկնածուն գտնվում էր հիվանդանոցում։ Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածուն մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ մահափորձի հետեւանքով Պարույր Հայրիկյանը նյարդի վնասվածք է ստացել, աջ ձեռքն ուռած է եւ մատները չեն շարժվում: Սակայն ընտրությունը կատարեց աջ ձեռքով: Ինչպես նա նշեց, բոլոր հաջող գործերը նա անում է աջ ձեռքով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























