Հայաստանում փետրվարի 18-ին` ընտրությունների օրը, ժամը 08:00-ից The Gallup Organization-ը հարցումներ է անցկացնում, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:
Ըստ նրա` հացումներն իրականացվում են մայրաքաղաքի 32 եւ մարզային 122 ընտրատեղամասերում: Պողոսյանը նշել է, որ առավոտյան որոշ ընտրատեղամասերում թյուրիմացություն է տեղի ունեցել ընտրական հանձնաժողովների անդամների եւ հարցումն անցկացնողների միջեւ: Ըստ օրենքի` հարցումը պետք է անցկացվի ընտրատեղամասի սահմաններից դուրս կամ էլ ընտրատեղամասում` ընտրական հանձնաժողովի ղեկավարի թույլտվությամբ:
Պողոսյանը նաեւ նշել է, որ հարցման արդյունքները տեղական ժամանակով 20:01-ին կտրամադրվեն Armnews հեռուստաալիքին:
Նշենք, որ exit-poll-ն անցկացնում է The Gallup Organization-ը`Armnews հեռուստաալիքի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ASA) նախաձեռնությամբ:
Այսօր` փետրվարի 18-ին, Հայաստանում նախագահական ընտրություններ են ընթանում: Ժամը 08:00-ին 41 ընտրատարածքներում բացվել են 1988 ընտրատեղամասեր: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին:




























