Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի մամուլի ծառայությունն արձագանքել է NEWS.am-ում հրապարակված «Վարդան Ղուկասյանի որդին մա՞րդ է ծեծել եւ օ՞դ կրակել» նյութին:
«Ձեր կայքում, մի քանի ժամ առաջ, հրապարակված տեղեկատվությունը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու կողմից ինչ-որ մարդկանց ծեծի ենթարկելու եւ օդը կրակելու վերաբերյալ, լկտի սուտ է:
Սույն հերքումը, օրենքով սահմանված կարգով, չհրապարակելու դեպքում, կդիմենք դատարան` անձի իրավունքները սահմանադրորեն պաշտպանելու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների` այսօր` փետրվարի 18-ին, Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ծեծի է ենթարկել Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարեւանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին: Այս մասին հաղորդում է «Lragir.am» կայքը:
Կայքի փոխանցմամբ` գազալցակայանի կառուցումն արգելված է քաղաքապետարանի կողմից, իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի եւ ոստիկանությունը, եւ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով, իսկ բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն:
«Ականատեսների վկայությամբ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել»,- գրել է կայքը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ հրապարակումն ուսումնասիրվում է:




























