Արարատի մարզի Խաչփար գյուղի շրջանում գտնվող Հրազդան գետում խեղդված 13-ամյա Արսեն Բ-ն, այսօր` փետրվարի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, գետի ափ է գնացել հարեւանի տղայի եւ աղջկա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչփարի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը:
Գյուղապետի խոսքով` Արսենը սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, հայրն ու մայրը Բաքվի նախկին փախստականներ են, ընտանիքում երկու եղբայր են, Արսենը փոքրն է, մյուս եղբայրը եւս դպրոցական է:
«Արսենը հարեւանի տղայի եւ աղջկա հետ եկել է գետի ափ: Ինքն է եղել եւ հարեւանի տղան` քրոջ հետ: Գետն իրենց տան մոտ է, սակայն Արսենը դեռ չպարզված հանգամանքներում սկսել է սուզվել: Աղջիկը ձեռքը գցել է, որ փրկի, սակայն չի ստացվել: Աղջիկը մի կերպ դուրս է եկել»,- պատմեց գյուղապետը: Նա ասաց, որ մինչեւ այս պահն Արսենին չի հաջողվել գտնել, թեեւ փրկարարներն ամեն ինչ անում են:
Գյուղապետն ասաց, որ Արսենի ծնողները հողագործությամբ են զբաղվում: «Սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, բայց շատ լավ մարդիկ են ու շատ խելոք: Արսենը եւս բավականին ազնիվ, երիտասարդ եւ խելոք, համեստ ու դաստիարակված տղա է»,- ասաց Շահեն Մարտիրոսյանը, ով քիչ հավանական համարեց, որ Արսենը կենդանի մնացած կլինի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի շրջանում գտնվող Հրազդան գետում այսօր` փետրվարի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, խեղդվել է 8-րդ դասարանի աշակերտ 13-ամյա Արսեն Բ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով գտնվում էր դեպքի վայրում: Մարզպետը պատմել էր, որ ըստ նախնական տեղեկությունների` մի քանի երեխաներ գնացել են գետի ափ: Խեղդվող տղան մի աղջկա հետ նստել է ափին եւ հողը սկսել է սահել: Աղջկան հաջողվել է դուրս պրծնել, իսկ Արսենին` ոչ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:




























