Հայաստանի նախագահական ընտրություններն, ընդհանուր առմամբ, նորմալ են ընթացել. կան որոշ ահազանգեր, որոնք պետք է ուսումնասիրվեն եւ դրանց մասին հավելյալ եզրակացություններ կկազմվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ լուրջ միջադեպեր իրեն հայտնի չեն:
Համեմատելով նախորդ նախագահական ընտրությունների հետ Դավիթ Հարությունյանն ասաց. «Բոլորի համար ակներեւ էր, որ ընտրությունները շատ ավելի հանգիստ մթնոլորտում են անցել եւ անգամ սոցիալական ցանցերը շատ ավելի ակտիվ էին: Ակնհայտ է, որ կա որակի էական աճ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Բացասական առումով նա ասաց, որ անելիքներ կան վստահության բարձրացման առումով: «Ես կարծում եմ, որ մենք, թերեւս, ավելի անելիք ունենք վստահության բարձրացման առումով: Ցավում եմ, որ բազմաթիվ տեղամասային ընտրական հանձնաժողովներում խորհրդարանական ուժերը չլրացրեցին իրենց տեղերը: Սա իմ կարծիքով բացասական է»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:




























