Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2013թ. փետրվարի 16-ին հրապարակած խախտումների ամփոփագրում նշվել էր նաեւ, որ Հրազդան քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի` «Ժառանգության» անդամին, ով չի ցանկացել ներկայանալ, փորձել են առաջարկել 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի վերջինս աչք փակի ՀՀ Նախագահի թեկանծու Ս. Սարգսյանի օգտին լցոնման գործընթացի վրա, ինչը, սակայն, նրա կողմից մերժվել է: Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ  հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ դատախազությունը համապատասխան ծառայություններին հանձնարարականներ է տվել` ահազանգը քննության առարկա դարձնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտել է Հրազդան քաղաքի ընտրատեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամների ինքնությունը` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով պարզել քաղաքացու կողմից ընտրակաշառք առաջարկելու փաստի հավաստիությունը:

Նշված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: