Մոսկվայում փետրվարի 18-ի երեկոյան ձերբակալել են մայրաքաղաքի արեւելքում եւ հյուսիս-արեւմուտքում ընթացող երկու «գողական» հավաքների մասնակիցներին: Այդ մասին հայտնում է ՆԳՆ կայքը: Հավաքների կանխման գործողությունները միաժամանակ են կատարվել: 90-ից ավելի քրեական հեղինակություններ են ձերբակալվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մայրաքաղաքի արեւելքում ձերբակալվել են Ադրբեջանի հիսունից ավելի բնակիչներ: Օպերատիվ աշխատակիցների տվյալով՝ նրանք մտադիր էին նշել «գողերից» մեկի «թագադրումը»:

Ձերբակալման պահին կասկածյալները փորձել են մի քանի միավոր հրազեն դեն նետել, որոնք ոստիկաննեին առգրավել են եւ փորձաքննության ուղարկել:

Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող բաղնիքում ոստիկանները բռնել են Ռուսաստանի շրջանների եւ հարավկովկասյան երկրների քառասուն հանցավոր հեղինակությունների: Հավաքի անցկացման առիթը չի նշվում: Կասկածյալների մոտից առգրավել են մարտական ատրճանակ եւ մի քանի միավոր տրավմատիկ զենք:

Ձերբակալվածներին հասցրել են ոստիկանության բաժին, որտեղ օպերատիվ-քննչական միջոցառումներ են տարվում, որոշվում է նրանց քրեական եւ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում, գրում է lenta.ru-ն: