Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ եւ վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն մտադիր է Բաքվում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել առաջիկայում, եւ Աքրամ Այլիսլիի եւ նրա գրքի շուրջ սկանդալը փոփոխություններ չի մտցրել նրա պլաններում:
Ինչպես հայտնում է Vesti.az-ը, ավելի վաղ Ալիզադեն ժամկետներ էր հրապարակել` նախ 2012թ. աշնանը, ապա 2013թ. հունվարին: Քանի որ ժամանակն անցել էր, Ալիզադեից հետաքրքրվել են, թե ինչ ծրագրեր ունի:
«Ծրագրերը չեն փոխվել: Ես չեմ հրաժարվել Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնի անցկացման գաղափարից: Սակայն վերջին ամիսներին ես զբաղված էի այլ նախագծով, իսկ միանգամից երկու նախագծերով զբաղվելը չափազանց բարդ է: Ես դեռ մեկ ֆիլմ ունեմ «Վոդկա լիմոն», սակայն մեկ ֆիլմով փառատոն չեն անցկացնում: Գեորգի Վանյանը խոստացել է ֆիլմեր ուղարկել, դեռ սպասում եմ: Ուզում եմ ասել, որ Աքրամ Այլիսլիի վեպի շուրջ սկանդալը որեւէ կերպ չի ազդել իմ մտադրության վրա»,- ասել է քաղաքագետը եւ հավելել, թե երկաթյա նյարդեր ունի, չի վախենում սադրանքներից եւ հասարակական դատապարտումից:




























