Հայաստանի Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետ կապված ոչ մի դիմում-բողոք չի ստացել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ խոսքը գրավոր դիմումների մասին է, որոնք սահմանված կարգով պետք է ներկայացված լինեն ընտրական հանձնաժողովներ:

Նրա խոսքով՝ ենթադրություններ պետք է արվեն փաստերի վրա հիմնվելով. «Օրվա ընթացքում տարբեր կայքերում ամենատարբեր տվյալներ են հայտնվել, որոնք ստուգել են ԿԸՀ-ն, Ոստիկանությունը եւ Գլխավոր դատախազությունը՝ փորձելով պարզել դրանց համապատասխանությունն իրականությանը», - հայտարարել է Մուկուչյանը:

ԿԸՀ ղեկավարը նշել է, որ եղել են դեպքեր, երբ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանել, եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել որոշակի գործողություններ ձեռնարկել, ինչը բավական օպերատիվ է կատարվել: Մուկուչյանը նաեւ ընդգծել է տեղեկատվական հոսքերին հետեւելու կարեւորությունը, քանի որ դա թույլ է տալիս արագ արձագանքել.  «ԿԸՀ-ն ոչ մի դիմում չի ստացել, իսկ մամուլի հրապարակումները վերաբերում են առանձին դեպքերի, առանձին հանգամանքների, ինչին համապատասխան արձագանք կհետեւի»:

Հիշեցնենք, համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների արդյունքների ամփոփումից հետո,  Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 58,6 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝  36,75 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18%-ը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am