Կոտայքի մարզում «Սեթ» մականունով հայտնի 26-ամյա Սեդրակ  Թովմասյանը եւ «Թուխ» մականունով հայտնի 22-ամյա Արման  Սիմոնյանը ավազակային հարձակման ժամանակ կրակել են մյուս կողմի վրա, որից հետո նրանց մյուս ընկերը` 24-ամյա Թովմաս Շահվերդյանը պարտակել է հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը իրենց ընտանիքին պատկանող «Արեւիկ» հանգստյան գոտում:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 26-ամյա Սեդրակ  Թովմասյանը (մականունը` «Սեթ») Արման Սիմոնյանի եւ Թովմաս Շահվերդյանի հետ, վերջինիս պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, օրեր առաջ Շավարշ Պետրոսյանի եւ Թովմաս Շահվերդյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը պարզաբանելու նպատակով գնացել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածք, որտեղ Թովմաս Շահվերդյանը ձեռքով հարվածել է Շավարշ Պետրոսյանին` դեմքին, որի պատճառով նրանց միջեւ առաջացել է քաշքշուկ:

Նշված չնչին առիթն օգտագործելով, Ս. Թովմասյանն առանց որեւէ լուրջ պատճառի, խուլիգանական դրդումներով, «Նիվա»-ից հանել է իրեն պատկանող, ապօրինի ձեռք բերված «ՏՏ» տեսակի ատրճանակը եւ կրակոցներ արձակել Շավարշ Պետրոսյանի ուղղությամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող:

Այսինքն` Սեդրակ Թովմասյանին մեղսագրվում է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ Քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 5-րդ , 9-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ «Թուխ» մականունով հայտնի 22-ամյա Արման  Սիմոնյանը խուլիգանական դրդումներով, «Նիվա»-ից վերցրել է իր հանգուցյալ հորը պատկանող, ապօրինի ձեռք բերված «ԱԿՍ 74» տեսակի ինքնաձիգը եւ 3-4 կրակոց արձակել Վարդան Ավետիսյանի ուղղությամբ:

Արձակված գնդակներից մեկը կպել է Վ. Ավետիսյանի ձախ կոնքին` առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս`առողջության տեւական քայքայումով: Այսինքն` Արման Սիմոնյանին մեղսագրվում է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ Քր. օր.-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ եւս խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը:

Իսկ նրանց ընկերներից 24-ամյա Թովմաս Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա նախապես չխոստացված պարտակել է հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը եւ ավտոմեքենայով  նրանց տեղափոխել է Արագածոտնի մարզի , «Աշտարակի Ձոր» կոչվող տարածք, որտեղ իր ընտանիքին պատկանող «Արեւիկ» հանգստյան գոտու մոտակայքում թաքցրել են հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Իսկ դրանից հետո ծանր հանցագործություն կատարած Ս.Թովմասյանին նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ջերմուկ քաղաք: Այսինքն` Թովմաս Շահվերդյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քր. օր.-ի 334 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ստացվել փետրվարի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: