Սյունիքի մարզում ընտրություններն ընթացան շատ բարձր մակարդակով, ժողովրդավարական սկզբունքով, արդար եւ թափանցիկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

«Սյունիքի մարզի արդյունքներն էլ բավականին նորմալ արդյունքներ էին»,- ասաց մարզպետը` տեղեկացնելով, որ  Սյունիքի մարզում գործող նախագահն ստացել է 65 տոկոս ձայն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները նա հստակ չգիտեր, խորհուրդ տվեց հարցնել նրանց, ովքեր գիտեն եւ զբաղվում են դրանով, թեեւ, Սուրեն Խաչատրյանի խոսքով, մեծ տարբերություն կար, երեւի 30 տոկոս էր ստացել:

Սյունիքի մարզպետը նշեց, որ միայն Կապանի տարածաշրջանում են մի քիչ խնդիրներ ունեցել, բայց ընդհանուր առմամբ` բոլոր տարածաշրջաններում գործող նախագահը բավականին մեծ քվեներով առաջ է եղել: Իսկ թե ինչ խնդիրներ կան Կապանում, նա նշեց. «Կապանն է էլի, Հայաստանում ամենաբարձր գործազրկությունն է այնտեղ, երեւի սոցիալական խնդիրներ կան, ուրիշ խնդիր չի կարող լինել»:

Սուրեն Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում ընտրություններին որեւէ միջադեպ չի գրանցվել, լցոնումներ, կուտակումներ, բռնության եւ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր չեն եղել: