Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի խիղճը տանջում է, նա տխուր է ստեղծված իրավիճակից եւ հիասթափված ինքն իրենից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի խոստովանություն արեց Աշոտ Գիզիրյանը:

Որպես մարզպետ` նա դժգոհ է մարզում ընտրությունների արդյունքներից, մասնավորապես` ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հավաքած ձայներից, սակայն գոհ է ընտրությունների որակից:

Հարցին, թե ինչով է պայմանավորված Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի պարտությունը, նա պատասխանեց, որ «ինքնավստահությունը մեզ խաբեության տարավ»: Մարզպետը պարզաբանեց, որ շատ վստահ էին, որ իրենց թեկնածուն բարձր տոկոսներ կհավաքի, բայց այդպես չեղավ: «Չիմացանք` ում դեմ պայքարել, չկար այդ մարդը, թիմը, որի դեմ պետք է պայքարեինք»,- նշեց Աշոտ Գիզիրյանը` շեշտելով, որ անակնկալի են եկել Շիրակի մարզում ընտրությունների արդյունքներից, ոչ մեկի համար դրանք ընդհանրապես սպասելի չէին:

Մարզպետը նշեց, որ գյուղական վայրերում Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել, խնդիրներ են եղել քաղաքային համայնքներում, իսկ անձամբ իրեն ամենաշատը զարմացրել է Արթիկում քվեարկության արդյունքները: «Դա կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, հատկապես` Գյումրի քաղաքի»,- նշեց մարզպետը` միաժամանակ շեշտելով, որ Գյումրիում անելիքները դեռ շատ-շատ են, բայց արվածը չի կարելի անտեսել:

Հարցին, թե պայմանավորված ընտրությունների արդյունքներով հնարավոր է այլեւս ձեզ չտեսնենք գործադիրում, նա պատասխանեց, որ դրա մասին չի մտածում: Աշոտ Գիզիրյանն ասաց, որ  դեռ պետք է որոշում կայացնի, թե ինչ է ուզում անել, մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին էլ առայժմ չի ցանկանում խոսել:

«Որպես մարզպետ` պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն կրելու, ես ինքս եմ պատասխանատու այդ տարածքի համար, ոչ մեկին էլ դրա մեջ չեմ մեղադրում, թե սա այսպես արեց, այնպես արեց, առաջին հերթին ինքս ինձ եմ մեղադրում»,-նշեց Աշոտ Գիզիրյանը` մեկ անգամ եւս շեշտելով, որ շատ հետաքրքիր, նորմալ թիմ էր ձեւավորված, բայց  իրենք մի քիչ ավելի շատ էին ինքնավստահ, որ խնդիր չեն ունենալու: Մարզպետը շեշտեց, որ Շիրակի մարզում խախտումներ չեն եղել, իսկ երկու պատգամավորների` Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի միջեւ ծագած միջադեպի համար ոչ ինքն է մեղավոր, ոլ էլ ինչ-որ մեկը, «ուղղակի երկու պատգամավոր իրար չեն հասկացել, չէի ասի` մեծ վիճաբանություն է եղել, ընդհանրապես պատգամավորները սիրում են միշտ այդպես լեզվակռիվ տալ»: Աշոտ Գիզիրյանն ասաց, որ եթե Շիրակի մարզում ընտրակեղծիքներ լինեին, ապա չէին պարտվի: «Մենք էլ վստահ էինք, որ հաղթելու ենք, ընտրակեղծիքների չենք գնացել: Միանաշանակ վստահ էինք, որ հաղթելու են, ավելի շատ վստահ էինք, քան թե պետք էր»,- նշեց նա:

Մարզպետի խոսքով` այն, որ միայն Շիրակի մարզում չի պարտվել ՀՀԿ-ի թեկնածուն, այլեւ մի քանի այլ քաղաքներում, կարելի է եզրակացնել, որ թերեւս ժողովրդի մեջ կա վստահության պակաս տեղական իշխանություների հանդեպ: Նախագահական ընտրություներից Աշոտ Գիզիրյանը եւս մեկ «դաս» է քաղել:  «Գիտեք ի՞նչ` ես մարդկանց վստահում եմ, երեւի թե պետք է ինչ-որ տեղ հիշեի, թե նախկինում որ կառույցում եմ աշխատել եւ այնտեղ ոչ միշտ ես վստահում մարկանց,շրջապատիդ, թիմիդ, այստեղ ես երեւի մի քիչ շատ վստահեցի»,- ասաց Աշոտ Գիզիրյանը: Դիտարկմանը, թե մարդկայնորեն եք վարվել եւ չեք հետեւել, նա նշեց, որ ընդհանուր առմամբ` հետեւելու կարիք էլ չկար, չկար մարդ, թիմ, որին պետք է հետեւեիր կամ պայքարեիր նրա դեմ:

Շիրակի մարզպետը դեռ ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին չի տեսել, չի շնորհավորել, կեսկատակ, կեսլուրջ ասաց` «երեսը չի բռնում»: «Կարծում եմ` Շիրակի մարզը ընդհանուր առմամբ վատ չի աշխատել, ամեն խնդիր իմ մեջ եմ դնում, որ ինքս չեմ կարող համակերպվել դրա հետ: Իմ համար չեմ մտածում, նախագահը այդ մարզի համար, հատկապես` Գյումրիի համար շատ-շատ բան է արել, ես դրա համար եմ ցավում, ես ինձ այդպես չեմ պահել այդ մարզում, որ ժողովուրդը ինձանից ինչ-որտեղ հիասթափվի, զզվի, խնդիրներ լինել, մեկ էլ, տեսնում ես` անակնկալ»:

Ի դեպ,  Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է 53 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 45: