«Հրապարակը» գրում է, թե նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուները բանակցում են ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ: Հայտարարությունը հավանաբար կլինի այսօր:
Նախաձեռնությունը Անդրիաս Ղուկասյանինն է: «Առաջարկել եմ բոլոր թեկնածուներին դատապարտել այս ընտրությունների արդյունքները»,- երեկ մեզ ասաց Ղուկասյանը, հավելելով, որ փորձում են բոլոր թեկնածուների հետ հանդիպել եւ ընդհանուր հայտարարի գալ: Թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, իրենց նախնական համաձայնությունն են տվել տեքստին:
Արման Մելիքյանը մերժել է առաջարկը: «Թեկնածուների կոլխոզ են փորձում ստեղծել»,- նկատեց Մելիքյանը, հիշեցնելով, որ ինքն իր գնահատականը ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել՝ որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն կոչ է արել ընտրողներին՝ «ովքեր դեմ են կեղծ ընտրություններին, քվեարկեն իր օգտին, դրանով վերածելով ընտրությունները կեղծարարության դեմ համազգային հանրաքվեի»:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ ասաց, որ ինքն իր տանը նստած է, եւ որեւէ մեկն իրեն որեւէ առաջարկություն չի արել: Պարույր Հայրիկյանին եւս որեւէ առաջարկով չեն դիմել: «Հավանաբար, իմ օգնականների հետ են խոսել»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























