Եկամտային հարկի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ի հայտ եկած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ NEWS.am-ը պարզաբանումներ խնդրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փորձագետ Արմինե Շահբազյանից:

Նրա պարզաբանմամբ՝ խնդիրների մեծ մասն առաջանում է ՊԵԿ-ի ու ոստիկանության անձնագրային ծառայության համակարգերի ոչ ներդաշնակ համագործակցության պատճառով: Եկամտային հարկի հաշվետվությունները ներկայացնելիս առանձին-առանձին պետք է մուտքագրել նաեւ անձանց մասին տեղեկությունները՝ անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի եւ սոցքարտի տվյալներ: Տվյալները ստուգելու գործընթացում ՊԵԿ-ի համակարգը կապվում է ոստիկանության անձնագրային ծառայության տվյալների համակարգի հետ՝ ճշտելու, արդյոք իրապես գոյություն ունի՞ տվյալ անձը, նրա մասին լրացված տվյալները վավե՞ր են, թե՞ ոչ: Ստուգման ընթացքում կարող են ծագել տարբեր խնդիրներ՝ կապված անձանց մասին տվյալների անճշտությունների հետ: Բացի այդ՝ ոստիկանության անձնագրային ծառայությունը չի հասցնում տվյալները արագ թարմացնել, եթե օրինակ, անձնագրի կամ սոցքարտի տվյալները փոփոխվում են:

Սակայն նաեւ քիչ չեն դեպքերը, երբ տվյալները ճիշտ մուտքագրելուց հետո էլ ՊԵԿ-ի համակարգը չկարողացավ սպասարկել, քանի որ կարճ ժամանակահատվածում տվյալների մեծ հոսք կար, Ա. Շահբազյանի խոսքով՝ ներբեռնված հաշվետվությունը «համակարգից դուրս էր գցում»:

Ա. Շահբազյանը նշեց, որ նման խնդիրներ ծագում էին նաեւ նախկինում, կապված էլեկտրոնային հաշիվների սպասարկման հետ: Էլեկտրոնային հաշիվների դուրս գրման համակարգը թերի է աշխատում, քանի որ տարվա ընթացքում թարմացումներ են իրականացվում, ու դա տեղի է ունենում աշխատանքային ժամերին: Դա հարվածում է այն կազմակերպությւոններին, որոնք ապրանքների մատակարարման համար էլեկտրոնային ինվոյս են լրացնում, ու ոչ իրենց մեղքով ինվոյսները չեն պատրաստվում:

Տարբեր խնդիրներ կան նաեւ նույնականացման քարտերի տեղադրման հետ կապված; Հարկավոր է նույնականացման քարտը սպասարկող սարքը միացնել համակարգչին ու ներբեռնել, սակայն, ըստ Ա. Շահբազյանի, գործընթացը խճճված է, շատ տնտեսվարողներ չեն կարողանում ինքնուրույն ինստալյացիա անել; Գոյություն ունի մեթոդական ձեռնարկ, սակայն փորձագետը կարծում է, որ ավելի լավ կլիներ՝ վիդեո-տարբերակ լիներ, որ մարդիկ դժվարությունների չհանդիպեին:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված խնդիրների մասին ՊԵԿ-ի պարզաբանումը: