Ընտրություններից առաջ խոսելը եւ դրանցից հետո գործելը միանգամայն տարբեր բաներ են: Նման կարծիք է հայտնել Կովկասին ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր՝ փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում:
Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի նախագահի առջեւ, ով էլ որ նա լինի, մի քանի բարդ խնդիրներ են ծառացած, եւ դրանց էությունը չի փոխվում անձի կամ որոշակի անձի քաղաքական նախասիրություններից ելնելով:
Փորձագետը որպես կարեւոր խնդիր նշել է Հայաստանում ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը: «Մենք էներգակիրներ չունենք, այդ պատճառով էլ ներդրումները պետք է քաղաքական միջոցներով ներգրավել», - հիշեցրել է Իսկանդարյանը: Որպես այդպիսին նա երկու կետ է մատնանշել. Արեւմուտքի աչքում լավը երեւալու անհրաժեշտությունը եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանումը: «Այդ երկուսն էլ պետք է եւ կանի ցանկացած նախագահ», - ընդգծել է քաղաքագետը:
Երկրորդ կարեւոր հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է: Այստեղ կարեւոր է հավասարակշռության պահպանումը, որի համար անհրաժեշտ է պահպանել հարաբերությունները ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ի շրջանակում, համատեղ զորավարժություններ անցկացնել, սրան է վերաբերում նաեւ ՌԴ-ի «անվտանգության հովանոցը»: Դա նույնպես կանի ցանկացած նախագահ: Զուգահեռ անհրաժեշտ է աջակցել ՄԽ-ի ձեւաչափին, փոխգործակցել ՀԱՊԿ-ի հետ, զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Այդ համատեքստում նա ընդգծել է Ասոցացման համաձայնագրի անդամակցման վերաբերյալ բանակցությունների կարեւորությունը: Երրորդ հարցը ներքին դաշտն է: Այստեղ կարեւոր է բիզնեսն առավելագույնս դուրս բերել ստվերից, այն տարանջատել քաղաքականությունից: «Այդ խնդիրներից ոչ մեկն էլ հեղափոխությամբ չեն լուծվի: Դա ամենօրյա դժվարին աշխատանք է», - հիշեցրել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լուսանկար՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























