Եգիպտոսում աշխատանքից հեռացված մորուքավոր ոստիկանները կարող են վերադառնալ ծառայության երկրի իրավապահ մարմիններ: Այսօր` փետրվարի 20-ին, նման որոշում է կայացրել երկրի բարձրագույն վարչական դատարանը, մերժելով բոլոր հայցերն ընդդեմ համազգեստավոր մորուքավորների:

Եգիպտոսի ՆԳՆ-ն դեռեւս մեկ տարի առաջ պատերազմ էր հայտարարել մորուքավոր ոստիկաններին: Բանն այն է, որ ոստիկանության մասին եգիպտական օրենքը սահմանում է, թե ոստիկանական ակադեմիայի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է պատշաճ արտաքին տեսք ունենա, այդ թվում` պարբերաբար սափրվի:

Որոշ տվյալներով, խստացումները թելադրված են համակարգը սալաֆիներից զերծ պահելու ցանկությամբ: Սալաֆիներն ավանդաբար պետք է մորուք ունենան: Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին իսլամիստները խորը  ընդհատակ էին անցել, իսկ հեղափոխությունից հետո սկսել են լուրջ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում:
Մորուքավոր ոստիկանները նշել են, թե նոր որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը: