Լոռու մարզի Հաղպատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու համար:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Վարոսյանը, ով մինչեւ 2008թ. հոկտեմբեր ամիսն աշխատել է որպես Հաղպատ համայնքի ղեկավար, 2007թ. գյուղապետարանի վարչական շենքի նորոգման, համայնքի ոռոգման ջրագծի կառուցման, աղբահանության եւ բարեկարգման աշխատանքների իրականացման համար «Մեծն Տիգրան Թումանյան» ԲԲԸ հաշվեհամարին փոխանցել է 21 մլն 504 հազար դրամ: Սակայն աշխատանքները կատարել չկարողանալու պատրվակով Ռ. Վարոսյանը հիշյալ ընկերության տնօրեն Վ. Մելիքսեթյանից կանխիկ հետ է ստացել 16 մլն 128 հազար դրամ, որը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել:

Այնուհետեւ իր կողմից վարձու աշխատուժի միջոցով վերոհիշյալ աշխատանքները կատարելու ընթացքում նախահաշվով նախատեսվածից ցածր արժեքով շինանյութ ձեռք բերելով ու այդ աշխատանքներն իրականացնողներին պակաս աշխատավարձ վճարելու եղանակով` հիշյալ գումարից յուրացրել է առանձնապես խոշոր չափերի` 3 մլն 272 հազար դրամը:

Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների` նույն համայնքի մի քանի բնակիչների սոցիալական օգնություն վճարելու պատրվակով Ռ. Վարոսյանը գյուղապետարանի դրամարկղից անձամբ ստացել է 199 հազար դրամ: Սակայն այդ գումարը բնակիչներին չի վճարել եւ հափշտակել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ռ. Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը: