Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանի ուսանող Հովհաննես Համբարձումյանը Հայոց ցեղասպանությանը նվիրված «Պատարագ» է գրել:

«Պատարագի» պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Այս ստեղծագործությունը վերստին հնչել է արդեն Փարիզի չորս տարբեր տաճարներում, այդ թվում հայկական կաթոլիկական եկեղեցում: «Պատարագն» ընթացել է Ռիտա Ղազարյանի դիրիժորությամբ, երգչախմբի մասնակցությամբ, արտիստներն էին Հովհաննես Համբարձումյանը, Տիերի Գասսեն, Մարիամ Բուլլոն: Տպավորությունն այնքան մեծ էր, որ հեղինակը հրավեր է ստացել «Պատարագը» կրկին Ֆրանսիայում հնչեցնել ավելի մեծ լսարանի առջեւ: Դա տեղի կունենա հունիսին:

Երաժշտական տարբեր մրցույթների դափնեկիր, դաշնամուրային եւ կամերային ժանրերում գործող Հովհաննես Համբարձումյանի «Պատարագը» մեծ ժանրի ստեղծագործություն է: Այն ընթանում է նվագախմբի, խառը երգչախմբի, երգեհոնի, ալտայի ուղեկցությամբ: Հեղինակի գերագույն ցանկությունն է «Պատարագը» հնչեցնել Հայաստանում, Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օրը: