Փետրվարի 25-ին մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցիմ Արտաքին գործերի նախարարությունից: Նույն օրը կայացել է Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ: Հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցելությամբ Հայաստան։ Շնորհակալություն հայտնելով իր ավստրիացի գործընկերոջը Վիեննա այցելելու հրավերի համար` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին բազմաթիվ հանդիպումներ են կայացել արտգործնախարարների մակարդակով, խորհրդատվությունները երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ պարբերական բնույթ են կրել, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը։

Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են Ավստրիայի նախագահի Հայաստան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման  վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացները։ Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի  կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով ելույթ է ունեցել միջազգային հարաբերությունների բնագավառում Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկը հանդիսացող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում, որին ներկա էին Վիեննայում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար քաղաքագետներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։  Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Ելույթից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հանս Վինկելի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են Ավստրիայի դիվանագիտական  կրթօջախի եւ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջեւ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։