Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել հեռակա կալանքը՝ «Իմեդի» հեռուստաընկերության գործով, որում ներգրավված է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության տվյալներով` 2008թ. «Իմեդի» հեռուստաընկերության վերահսկիչ փաթեթի սեփականատերն էր Ջոզեֆ Քեյը, որն այդ ժամանակ կատարել էր 10 միլիոն դոլարի ներդրում: Իշխանությունների անունից Քեյի հետ կապվել էր Դավիթ Քեզերաշվիլին եւ սպառնալիքներով ստիպել զիջել հեռուստաընկերությունը, խոստանալով, որ Գիգի Ուգուլավան կփոխհատուցի ծախսերը:

Ըստ Ուգուլավայի ցուցմունքի` Քեյն իր բաժնեմասը փոխանցել էր Պանամայում գրանցված եւ Դավիթ Քեզերաշվիլիի վերահսկման տակ գտնվող Bordeh Limited ընկերությանը, իսկ  գումարի փոխհատուցումը որշակի սխեմայով էր տեղի ունեցել: Ուգուլավան պայմանավորվել էր «Նովոյե Ռիկե» ընկերության սեփականատիրոջ հետ 2006թ. 7 միլիոն դոլարով ձեռք բերված Ռիկայի տարածքը քաղաքին վերադարձնելու վերաբերյալ, սակայն՝ 17 միլիոն դոլարով, որի 10 միլիոն դոլարը նախատեսված էր  Քեյի համար, գրում է  «Նովոստի Գրուզիան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը Քեզերաշվիլիին մեղադրել էր էթիլ սպիրտի մաքսանենգ տեղափոխությունից 12 միլիոն դոլարի չափով ապօրինի եկամուտ ստանալու մեջ:

«Վարդերի հեղափոխությունից» հետո (2003թ. նոյեմբերի 23)  Քեզերաշվիլին նշանակվել էր Ֆինանսների նախարարության ֆինանսական ոստիկանության ղեկավար: 2006թ. նոյեմբերին նա դարձել էր Վրաստանի պաշտպանության նախարար, այդ պաշտոնում փոխարինելով Իրակլի Օքրուաշվիլիին, եւ այդ պաշտոնն զբաղեցրել էր մինչեւ 2008թ. դեկտեմբերը: