Անցած շաբաթ Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ հայկական «Մալխաս Ջազ Բենդը»:
Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ` այդ օրը ընկերության աշխատակիցներին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Երկու տասնամյակների ընթացքում «Գազպրոմի» խողովակաշարային համակարգի երկարությունն ավելացել է՝ հավասարվելով Երկրագնդի հասարակածի երկարությանը՝ 40 հազ. կմ»,- իր ելույթում նշել է Պուտինը, հավելելով, որ «Գազպրոմի» մի խումբ աշխատակիցներ արժանացել են պետական բարձր պարգեւների ու պատվավոր կոչումների, փոխանցում է թերթը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ճանաչված երգիչ Սթինգը, տենոր Անդրեա Բոչելին, «Սյաբրի» խումբը եւ բազմաթիվ այլ ժողովրդական համույթներ:
«Հայկական «Հայռուսգազարդ» ընկերությունը որպես նվեր փոխանցել է «Մալխաս Ջազ Բենդի» ելույթը, իսկ Ուկրաինայի անունից ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի մեներգիչ Վասիլի Գերելոն», - գրում է «Կոմերսանտ»-ը:




























