ԱՄՆ-ի Սենատը ձայների 58-41 հարաբերակցությամբ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է 66-ամյա Չակ Հեյգելին: Ներկայումս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գլխավորում է Լեոն Պանետան, որը հրաժարականից հետո մտադիր է վերադառնալ Կալիֆոռնիա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հեյգելի թեկնածությունն առաջադրել էր դեռեւս այս տարվա հունվարին: Փետրվարի 13-ին նրա նշանակմանը հավանություն էր տվել զինված ուժերի հանձնաժողովը:
Չակ Հեյգելի երդմնակալությունը կկայանա փետրվարի 27-ին: Պաշտպանության հեռացող նախարար Լեոն Պանետան արդեն հայտնել է, որ գերատեսչության նոր ղեկավարին համարում է նշանավոր առաջնորդ: Նա հավելել է, որ նախագահի աշխատակազմի պաշտպանողական ռազմավարությունը արգասաբեր է համարում, հայտնում է BFM.Ru-ը` վկայակոչելով Reuters-ին:
Պաշտպանության նախարարի պաշտոնում նախկին հանրապետական սենատոր Հեյգելի առաջադրումը բախվել էր կուսակցական ընկերների բուռն դիմակայությանը: Նրանք կասկածով են վերաբերվում նրան, որ Հեգելը կաջակցի Իսրայելին, խիստ քաղաքականություն կվարի Իրանի նկատմամբ եւ վստահ կղեկավարի Պենտագոնը:




























