Բեռլինում փետրվարի 26-ի երեկոյան ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը:  Հանդիպման  ավարտին նրանք եկել են այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է շարունակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրա հակառակորդներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փորձը:

Ըստ Լավրովի` թեեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործողություններից « կախված չէ ամեն ինչ», կողմերը համաձայնության են եկել Սիրիայում բռնությունների անընդունելիության հարցում:

Լավրովն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ վերջին ժամանակներս երկկողմ հարաբերությունների ամենաարդիական թեմաներից մեկը` ամերիկացի ծնողների կողմից ռուսաստանցի  որբերին որդեգրելու հետ կապված  խնդիրները: Ըստ Լավրովի` Քերրին ընդունել է, որ որդեգրման հետ կապված խնդիրները «մտացածին չեն», եւ ռուս նախարարին վստահեցրել է, որ ԱՄՆ փորձում է որդեգրվող ռուս երեխաների վիճակը ռուսական կողմի համար դարձնել «թափանցիկ եւ հաշվետու», հայտնում է rbc-ն:

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, համաձայն որոնց  ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հռչակագրեր են փոխանակել:  Լավրովը լիովին հերքել է այդ տեղեկատվությունը եւ ընդգծել, որ  Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը «կսպառնա ռուսական անվտանգությանը», այդ պատճառով էլ «այստեղ արդեն հռչակագիրը բավարար չէ»:

Լավրովը գոհ է հանդիպման արդյունքներից եւ հույս է հայտնել, որ  նոր պետքարտուղարը  «ավելի կառուցողական կլինի» ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի «հիմնական զայրացնող դրույթների» քննարկման հարցում (Մագնիտսկու օրենքը եւ որդեգրման խնդիրները):