Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 26-27-ին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, որի շրջանակներում փետրվարի 26-ին հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալտմայերի հետ:
Գերմանական կողմի հետ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպման ավարտին ստորագրվել է համատեղ հռչակագիր «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջեւ բնապահպանության բնագավառում համագործակցության մասին»: Դրանք վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն ու էկոլոգիապես անվտանգ օգտագործմանը:
2000թ. սկսած Հայաստանի բնապահպանության նախարարությունը ծրագրեր է իրականացնում Գերմանիայի աջակցությամբ, որոնք մասնավորապես վերաբերվում են պահպանվող տարածքներին:
Նախարար Արամ Հարությունյանը կարեւորել է երկկողմ սերտ համագործակցությունը: Նրա խոսքով` այս փաստաթղթի ստորագրումը ապահովում է այն ձեւաչափը, որով կողմերը պետք է շարունակեն համագործակցել: «Համատեղ իրականացվող ծրագերից հիշարժան են Թվինինգային ծրագրի իրականացումը, որի մեկնարկը արդեն տրվել է եւ կենսոլորտային տարածքի ստեղծումը Սյունիքի մարզում: Մենք գերմանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք եւս չորս ծրագրերի իրականացման ուղղությամբ», -նշել է Արամ Հարությունյանը:
Նշենք, որ կենսոլորտային տարածքի ստեղծման համար նախատեսված է 8 մլն 250 հազար եվրոյին համապատասխան գումար:
Հայաստանի բնապահպանության նախարարը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նախարար Արամ Հարությունյանը այցելել է նաեւ աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների եւ արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:




























