Այսօր` փետրվարի 27-ին, Հայաստանի ԱԻՆ է այցելել ՆԱՏՕ-ի քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման համագործակցության ծրագրերի նախագծի ղեկավար Էվերտ Սոմերը։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարի` 2012 թ. դեկտեմբերին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության արդյունքները, նախարարության անցյալ տարվա ձեռքբերումները, զարգացման շրագրերն ու նախանշել համագործակցության հետագա ուղիները։

Մինչ նախարար Ա. Երիցյանի հետ հանդիպումը` Է. Սոմերը եղել է ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալու նորամուծություններին եւ ձեռքբերումներին։ Կենտրոնի պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը ներկայացրել է վերջին տարիներին իրականացված հսկայածավալ աշխատանքը, մասնավորապես`

- նախարարությունը պարտավորություն է ստանձնել աշխատանքի տեղավորել 30 հաշմանդամի, որոնցից 10-ն արդեն վերապատրաստվել են ու շուտով կանցնեն աշխատանքի.

- ներդրվել են ՓԾ տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող (GPS), ինչպես նաեւ հանրապետության բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների եւ մարդկանց զանգվածային կուտակման վայրերի տեսավերահսկման համակարգեր

- կենտրոնին է միացվել մետրոյի կայարաններում եւ մայրաքաղաքի փողոցներում տեղադրված 164 տեսախցիկ, ինչպես նաեւ` էլցանցերը սպասարկող ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկող համակարգը (GPS).

- սերտացել է համագործակցությունը ոստիկանության եւ շտապօգնության ծառայության հետ.

- տարբեր նշանակության օբյեկտներում տեղադրվել են հակահրդեհային վերահսկողության ավտոմատ համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է հրդեհի դեպքում մոտ 3 վայրկյանի ընթացքում ահազանգել ՃԿԿ։

ՀՀ ԱԻ նախարարի հետ հանդիպմանն Էվերտ Սոմերը նշել է, որ ծանոթ լինելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության պատմությանն ու պարբերաբար մեր երկիր այցելելու շնորհիվ իր համար առավել նկատելի է ԱԻ համակարգի զարգացումը։ Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով Է. Սոմերին, ասել է. «Մենք այսօր բոլոր ուղղություններով շարժվում ենք առաջ եւ կառուցում հզոր նախարարություն, որը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մարդկանց։ Արագ արձագանքման «911» ծառայությունը կարճ ժամանակում նվաճել է մեր համաքաղաքացիների վստահությունը։ համեմատության համար նշեմ, որ մենք ավելի շատ զանգեր ենք ստանում, քան հանրապետության մյուս, ավելի վաղ ստեղծված արձագանքման ծառայությունները միասին վերցրած։ Միայն անցյալ տարվա ընթացքում «911» ծառայությունում ստացվել է 1.3 միլիոն զանգ, որոնցից ոչ մեկն անարձագանք չի մնացել։ Այս ամենին մենք միայնակ չենք հասել, մեր կողքին են եղել հավատարիմ գործընկերներ։ Սակայն թեեւ մեր ձեռքբերումներին` կարծում եմ դեռ անելիքներ շատ կան։ Այս տարվա մեր առաջնահերթություններից մեկը Գառնիի դիտարանի վերագործարկումն է ու ձեւավորումը հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի»:

Է. Սոմերն ընդգծել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից ամենաակտիվն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին. «Այս համակարգում զարգացումը շատ արագ է ընթանում։ Անցած 15 տարիների համեմատ` առաջընթացը շատ մեծ է։ Այստեղ մեծ աշխատանք է տարվում արտակարգ իրավիճակների կառավարման կարեւոր ուղղություններից մեկի` հանրային իրազեկման ոլորտում` «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի եւ նախարարության կայքի միջոցով։ ՆԱՏՕ-ի` Հայաստանում անցկացված «Արմենիա 2010» խոշոր միջազգային ուսումնավարժությունը եւս ապացուցեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Վստահ եմ, որ ԱԻ նախարարությունը գնալով ավելի հզոր ու ազդեցիկ կառույց է դառնալու»: