Հանրապետական Չաք Հեյգելը փետրվարի 27-ին երդվել է որպես ԱՄՆ պաշտպանության նոր նախարար։ Նա փոխարինել է Լեոն Պանետային։

Ինչպես հաղորդում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը, արարողությանը ներկա են եղել նոր նախարարի ընտանիքի անդամներն ու գործընկերները։ Հեյգելին երդման է բերել նախարարության՝ կառավարման ու ղեկավարման հարցերով տնօրեն Մայքլ Ռոդսը, հաղորդում է «Ռոսբալտը»։

Նոր նախարարի երդման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ Սենատի՝ ողջ կազմով Հեյգելի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատելու հաջորդ օրը։ Նրան կողմ է քվեարկել 58, իսկ դեմ՝ 41 սենատոր։ Հեյգելի՝ այդ պաշտոնում հաստատման գործընթացը հեշտ չի եղել, հիշեցնում է «Ամերիկայի ձայնը»:

Սենատի կողմից Հեյգելի թեկնածությունը հաստատելուց հետո Օբաման հայտարարել է, որ ի դեմս Հեյգելի «երկիրը կստանա պաշտպանության այնպիսի նախարար, ում կարիքն ունի, իսկ զինվորականներն այնպիսի առաջնորդ` ում արժանի են»:

Հեյգելը Վիետնամի պատերազմի առաջին վետերանը եւ ընդհանրապես առաջին նախկին զինվորականն է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։