Լեռնային Ղարաբաղի խնդիրը չկարգավորված է մնում միայն Ադրբեջանի համար, Հայաստանի ու Ղարաբաղի համար նման խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ղարաբաղյան պատերազմի վետերան, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների միության նախագահ Էդուարդ Պոլատովը:
«Հայաստանն ու Ղարաբաղը Ադրբեջանի հետ նդիր չունեն: Խնդիր ունի Ադրբեջանը: Եթե պաշտոնական Բաքուն խելամիտ գտնվի, նա պարզապես կպահպանի իր պետականությունը»,-նշեց նա, հավելելով, որ Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր Արցախի անկախությունը:
«Դա առանձին պետություն է, որտեղ ավելի շատ ժողովրդավարություն կա, քան` մեզ մոտ Հայաստանում եւ ողջ Հարավային Կովկասում»,-նշեց ղարաբաղյան պատերազմի մասնակիցը:
Հարցին, թե ԼՂՀ ճանաչումը չի՞ հանգեցնի պատերազմական գործողությունների վերսկսման, Պոլատովը պատասխանեց, որ եթե Ադրբեջանը թեկուզ մի փոքր վստահ լիներ իր հաղթանակում, վաղուց ագրեսիայի կդիմեր: «Ղարաբաղում Ադրբեջանը կկոտրի իր ատամները, որովհետեւ հարձակվելով Ղարաբաղի վրա, հերթական անգամ նա կպարտվի պատերազմում եւ ընդհանրապես կկորցնի իր պետականությունը»,-ամփոփեց նա:




























