25 տարի առաջ ոչ միայն Սումգայիթի հայերը դարձան արյունալի քաղաքականության զոհեր, այլեւ` ողջ տարածաշրջանի, քանի որ բոլորին է հայտնի, որ այդ ողբերգական իրադարձությունների հետեւանքները մինչ օրս վերացված չեն: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
«Այդ օրերին ողջ աշխարհի հայերը տարբեր միջոցառումներ են անցկացնում` նվիրված անմեղ զոհերի հիշատակին: Մենք մոմեր են վառում, մենք հիշում ենք նրանց եւ միշտ հարգելու ենք նրանց հիշատակը:
Քաջատեղյակ միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հանրությունը այդ իրադարձություններին համապատասխան գնահատական են տվել, որի համար մենք նրանց շնորհակալ ենք: Շատ երկրների ու ժողովուրդների պատմության մեջ կան ողբերգական ամսաթվեր: Ցավոք, ճակատագիրն այնպես է դասավորվել, որ հայ ժողովրդի պատմության մեջ սգո տարեթվերը շատ են, դա եւ 20-րդ դարասկզբի Ցեղասպանությունն է, եւ նախորդ հազարամյակի վերջին մի շարք ողբերգական իրադարձություններ: Շնորհիվ հայ ոգու տոկունության եւ ապրելու ու արարելու ձգտման, մեր ժողովրդին ամեն անգամ հաջողվում է վերածնվել: Այսօր մեր երկիրն անկախ է եւ շատ կարճ ժամանակում կարողացել ապացուցել, որ ունակ է պաշտպանել իր հողն ու քաղաքացիներին: Ես վստահ եմ, որ այդպես կլինի միշտ»,-ընդգծել է Շատվորյանը:



























