Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը փետրվարի 27-ին, դիմել է ոստիկանություն եւ դատարան` փետրվարի 26-ին, Ֆրասնիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմել են ոստիկանություն` պահանջելով երկու հանցագործների նկատմամբ օրենքի կիրառում: Իսկ դատական իշխանությունների դիմել են` իր անձի եւ դրանով իրենց գրասենյակի եւ այդ երեկոյի նախաձեռնության, միջոցառման նկատմամբ: ֆիզիկական, բարոյական եւ բանավոր ագրեսիա կիրառելու համար:
Հրաչ Վարժապետյանն ասաց, որ ֆրանսիական իշխանություններից եւ ոստիկանություններից պահանջել են հանցագործների նկատմամբ օրենքի կիրառում, ինչը նշանակում է, որ ֆրանսիական իշխանությունները առաջին հերթին պետք է բացահայտեն երկու բան: Նախ, այս հանցագործները ինչպե՞ս են կարողացել թափանցել ԱԺ-ից ներս եւ հասնել այդ միջոցառման դահլիճին, քանի որ ամբողջ մասնակիցների անվանացանկը իրենց գրասենյակից է գնացել ԱԺ, իսկ իրենց ցանկում այս երկու հանցագործների անունը չկա: «Եւ երբ գաղտագողի, ոչ օրինական միջոցներով թափացել են Ազգային ժողովից ներս, սա արդեն իսկ հանցագործություն է ֆրանսիական օրենքով: Եւ այդ է, որ առաջին հերթին ոստիկանությունը բացահայտում է»,- նշեց նա:
Հայ դատի գրասենյակի ղեկավարն ասաց, որ միջադեպի հեղինակները Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք փորձում են խլրտում առաջացնել Ֆրանսիայի քաղաքացիների դեմ ֆրանսիական հողի վրա: «Այդ երկուսը տարածել են, թե խոշտնգված են, հասել են մինչեւ հիվանդանոց, թրքավարի եւ ազերիավայել իրեն հերյուրանքները այս անգամ եւս կտարածեն: Պահանջել ենք Ֆրանսիայի իշխանություններից բացահայտել այս տեղեկության իսկությունը, որովհետեւ մենք քաջ գիտենք, որ այս բոլորը ազերիական սարքված թատրոն է»,- նշեց նա:
Հրաչ Վարժապետանը նշեց, որ սա ադրբեջանցիների սարքած քաղաքական խաղն է, այլապես ինչպես է հնարավոր, որ Ադրբեջանի դեսպանը եւ անձնակազմը ներկա են լինում միջադեպին, նրանցից վայրկյան անց հայտնվում են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ: «Սա կնշանակներ, որ արդեն իսկ սարքված էր, որովհետեւ անհնար էր այդպիսի կարճ ժամանակահատվածում այդ հարցը հասներ մինչեւ դեսպանատուն, դեսպանը, անձնակազմը պատրաստվի եւ գա դեպքի վայր: Այս մեկը համար մեկ տվյալ է, որ դեպքը նախօրոք սարքված է եւ նպատակ էր հետապնդում խանգարել նախաձեռնությունը եւ սումգայիթյան հիշատակը հարամ անել»,- նշեց նա:
Դրան զուգահեռ` նաեւ քաղաքական, քարոզչական աշխատանքներ են տանելու, օրինակ` արդեն դիմել են յուրաքանչյուր պատգամավորի` բողոքի ելույթներով, նամակներով: «Պիտի չկանգնենք, պիտի շարունակենք մեր պայքարը քաղաքական եւ քարոզչական բոլոր մակարդակների վրա»,- նշեց նա: Նրանք պատրաստվում են այսօր երեկոյան Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ժողովրդական մեծ բողոքի ակցիա կազմակերպել եւ հուսով են, որ ֆրանսահայությունը ապտակ կհասցնի «ազերիական այս նկրտումներին»: Հրաչ Վարժապետյանը կարեւորեց, որ այս ամբողջ պայքարը պետք է տանեն թիմով, ամբողջ ճակատով: Նրա խոսքով` դա ոչ միայն ուղղված է իրենց գրասենյակի դեմ, այլեւ ամբողջ ֆրանսահայությանը եւ ֆրանսահայ համայնքին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի խորհրդարանում, եւ որին մասնակցում էին նաեւ մի քանի ֆրանսիացի պատգամավորներ, Ադրբեջանի պատվիրակության անդամները, հրաժարվելով մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը, բացականչել են, որ կհարգեն միայն Խոջալուի զոհերի հիշատակը: Այս արտահայտությունը դժգոհություն է առաջացրել հայ պատվիրակների մոտ, ինչից վեճ է բռնկվել: Միջամտել է ոստիկանությունը: Դեպքից անմիջապես հետո ժամանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը եւ դատապարտել միջադեպը: Սադրանքը հավանաբար պլանավորված է եղել, քանի որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի հեռուստաընկերությունները:



























