Նավթով չես գնի ոչ հիշողություն, ոչ մարդու իրավունքներ: Այս մասին հայտարարել է  Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն`Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ իր պաշտոնական հայտարարության մեջ:

«Nouvelles d՝Arménie»-ին տեղեկացնում է, որ  Վալերի Բուայեն, մասնավորապես,  հայտատարել է. «Աջակցելով ժխտողականության քաղաքականությանը  եւ բազմացնելով հակահայ քարոզչության ակտերը, հայերի դեմ հանացագործությունների (Սաֆարովի գործը) մեղավորներին, Ալիեւի ռեժիմը խրախուսում է այնպիսի միջադեպերը, որը տեղի ուենցավ երեկ Ազգայի ժողովում: Միջոցառումը, որը խորհրդածության առիթ էր, դարձավ ադրբեջանական հերթական  սադրանքի վայրը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ  Ադրբեջանի մտադրությունները  կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հետ»:

Ֆրանսիացի պատգամավորը դիմել է Ֆրանսիայի նախագահին` համապատասխան միջոցներ ձեռք առնելու կոչով. «Ես Ֆրանսուա Օլանդին խնդրում եմ համպատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ֆրանսիական ազգային հողի վրա  ժխտողականության ցանկացած քարոզչություն դադարեցվի: Կլոդ Բարտոլոնին խնդրում եմ ԱԺ օրակարգում ներառել իմ օրինագիծը`  2008թ. նոյեմբերի 28-ի  ռասիզմի եւ քսենոֆոբիայի որոշակի ձեւերի եւ դրսեւորումների դեմ պայքարի մասին       շրջանակային որոշումն ազգային օրենսդրության մեջ  փոխանցելու մասին,  ինչը  քրեական պատիժ է ենթադրում  այն անձանց նկատմամբ, ովքեր վիճարկում են Հայոց ցեղասպանության փաստը: Նավթով չես գնի ոչ հիշողություն, ոչ մարդու իրավունքներ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի խորհրդարանում, եւ որին մասնակցում էին նաեւ մի քանի ֆրանսիացի պատգամավորներ, Ադրբեջանի պատվիրակության անդամները, հրաժարվելով մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը, բացականչել են, որ կհարգեն միայն Խոջալուի զոհերի հիշատակը: Այս արտահայտությունը դժգոհություն է առաջացրել հայ պատվիրակների մոտ, ինչից վեճ է բռնկվել: Միջամտել է ոստիկանությունը: Դեպքից անմիջապես հետո ժամանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը եւ դատապարտել միջադեպը: Սադրանքը հավանաբար պլանավորված է եղել, քանի որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի հեռուստաընկերությունները: