Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Շնորհավորական ուղերձում Յագլանդը մասնավորապես նշել է.

«Վստահ եմ, որ դուք հետամուտ կլինեք բարեփոխումների շարունակական գործընթացին, որին Դուք եւ Ձեր երկիրն արդեն իսկ հանձնառու եք` ապահովելու նրա ժողովրդավարական կայունությունը, ինչպես նաեւ օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների լիարժեք հարգումը Հայաստանում:

Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Ձեզ այդ ջանքերի իրականացման հարցում, մասնավորապես 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի շարունակական իրագործման միջոցով:

Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը եւ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահությանը»,-ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել նախագահ Սարգսյանի հետ աշխատանքը` ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: 

«Մենք հիմք ենք ընդունում միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքները, որոնք փաստում են, որ ընտրությունները լավ կազմակերպված են անցել ու հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում եւ վստահ ենք, որ հետագա քայլեր կձեռնարկվեն բացթողումների լրացման ուղղությամբ»,-ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ: