Սլովենիայի խորհրդարանը փետրվարի 27-ի երեկոյան անվստահության քվե է հայտնել կաշառակերության մեջ կասկածվող Յանեզ Յանշեի գլխավորած կառավարությանը եւ նոր վարչապետ է ընտրել Ալենկա Բրատուշեկին:
Յանշեի կառավարության հրաժարականին կողմ են քվեարկել 90 պատգամավորներից 55-ը, 33-ը` դեմ: Նոր վարչապետին սատարելու մասին հայտարարել է քաղաքական ուժերի մեծամասնությունը, բացի Յանշեի գլխավորած Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունից:
42-ամյա Ալենկա Բրատուշեկը, հայտնում է polit.ru-ն, Սլովենիայի պատմության մեջ առաջին կինն է, որ գլխավորում է կառավարությունը: 15 օրվա ընթացքում նոր վարչապետը պետք է ձեւավորի նոր կառավարություն, այլապես արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Բրատուշեկը նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, հայտնել է, որ մտադիր է վերաձեւավորել երկրի բանկային հատվածը` հրաժարվելով ԵՄ-ի ֆինանսական օգնությունից:
2013թ. հունվարի 8-ից Սլովենիայում քաղաքական ճգնաժամ էր. երկրի հակակոռուպցիոն հանձնաժողովը Յանշիին մեղադրում էր իրական եկամուտների աղբյուրների կրճատման համար: Սլովենիայի վարչապետը հրաժարվել էր հրաժարական տալուց, եւ կառավարական կոալիցիան լքել էին քաղաքական երեք կուսակցություններ:




























