ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, հանրապետական Քրիս Սմիթին Ռուսաստանի մուտքի վիզա չեն տրամադրել:  Քաղաքական գործիչը Foreign Policy-ին հայտնել է, որ ցնցված է ռուսական իշխանությունների որոշումից:

Կոնգրեսականն ընդգծել է, որ նման բան իր հետ առաջին անգամ է կատարվում, եւ ենթադրել, որ մերժումը բացատրվում է «Մագնիտսկիի օրենքի» մշակմանն իր մասնակցությամբ: Սակայն դեսպանատան կողմից պաշտոնական  բացատրություն կոնգրեսականը չի ստացել, հաղորդում է rbc-ն: Սմիթը հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան  Սերգեյ Կիսլյակովի հետ, որը հայտնել է, որ վիզայի մերժման որոշումն ընդունվել է Մոսկվայում, այլ ոչ թե Վաշինգտոնում:

Սմիթն ընդգծել է, որ ինքը «նույնիսկ ԽՍՀՄ-ի ամենավատ օրերին բազմիցս գնացել է այնտեղ»: Իսկ այժմ քաղաքական իրադրությունը փոխվել է:

Կոնգրեսականը նշել է, որ կհասնի տվյալ որոշման վերանայմանը՝ հավելելով, որ իրեն նախկինում բազմիցս մերժել էին Չինաստան, Բելառուս եւ Կուբա այցելել, սակայն  այդ ցուցակում Ռուսաստանն առաջին անգամ է հայտնվել:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունը: