Միջպետական ավիացիոն կոմիտեն Կոնգոյի տրանսպորտի նախարարություն տեղեկություն է ուղարկել 2012թ. նոյեմբերին Կոնգոյում վթարի ենթարկված հայկական Իլ-76Տ ինքնաթիռի ձայնագրիչների մասին: Օդանավի ձայնագրիչները կոմիտե էին հասցվել 2013թ. փետրվարի 26-ին:
«Ստացված տեսաձայնագրիչները մեխանիկական վնասվածքներ ունեն: Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները տեղեկատվության վերականգնման եւ ընթերցման աշխատանքներ են իրականացրել: Օդանավի տեսաձայնագրիչների արձանագրած ամբողջ տեղեկությունը պատճենվել եւ հանձնվել է Կոնգոյի Հանրապետության տրանսպորտի նախարարության պատվիրակությանը», - ասվում է «ՌԻԱ Նովոստիի» մեջբերած հաղորդագրության մեջ:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական անձնակազմ ունեցող Իլ-76Տ ուղեւորատար օդանավը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 30-ին` Բրազավիլի օդանավակայան մտնելիս: Կառավարումը կորցրած օդանավը բախվել էր օդանավակայանի մերձակա բնակելի տներին. զոհվել էր 30 մարդ, այդ թվում անձնակազմի 7 անդամ, որոնցից հինգը Հայաստանի քաղաքացիներ էին:
Վթարի պատճառների հետաքննությունը վարում է Կոնգոյի Հանրապետության տրանսպորտի նախարարության հանձնաժողովը:




























