Ադրբեջանի կողմից իրականացված Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Նյու Յորքում փետրվարի 27-ին տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. Սումգայիթյան հիշողություններից դեպի անկախ պետություն» խորագրով միջոցառումը: «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը», Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողական միության կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, ՄԱԿ-ի աշխատակիցներ, հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, ամերիկյան գիտական, հետազոտական շրջանակների անվանի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցները նախ ծանոթացել են Արցախի պատմությունն ու ներկան արտացոլող լուսանկարների ցուցահանդեսին, այնուհետեւ դիտել են «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988թ.» փաստագրական ֆիլմը:
Բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը՝ Սումգայիթյան ջարդերը ներկայացնելով որպես Ադրբեջանի բռնի հակադարձում Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի պահանջին, ինչը ցույց տվեց համայն աշխարհին, այդ թվում՝ Արցախի հայությանը, որ Սումգայիթյան կոտորածների կրկնությունից խուսափելու միակ ձեւը արցախահայության ինքնապաշտպանությունն է:
Ռոբերտ Ավետիսյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման եւ անկախ ապրելու իրավունքը վերականգնել է հաղթական պատերազմում:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում նշել է, որ Սումգայիթյան ջարդարարները մինչ օրս չեն ստացել իրենց արժանի պատիժը, եւ բռնության քաղաքականությունն իր տրամաբանական շարունակությունն է ստացել Ադրբեջանի քաղաքականության մեջ` ի դեմս հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած հանցագործ Ռամիլ Սաֆարովի արդարացման եւ հերոսացման, ինչպես նաեւ միանգամայն վերջերս Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, ըստ որի աշխարհասփյուռ հայությունը Ադրբեջանի թշնամին է:
Նյու Յորքի Բրուկլին թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքի ղեկավար Սվետլանա Ամիրխանյանը ներկաներին ներկայացրել է Սումգայիթյան ջարդերից տուժածների անձնական վկայություններ՝ նշելով, որ ջարդարարների արյունռուշտությունը զարմացրել էր ոչ միայն հայերին, այլեւ հենց շատ մտավորական ադրբեջանցիների:
Ամերիկայում «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի» ծրագրերի համակարգող Արթուր Մարտիրոսյանը կարեւորել է նման միջոցառումների քարոզչական նշանակությունը եւ նշել, որ դրանք շարունակական են լինելու եւ նպաստելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության վերաբերյալ միջազգային հանրության շրջանում ճշմարիտ ընկալումների ձեւավորմանը:




























